ԱՄՆ-ը Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ քննարկում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հետագա ռազմական գործակցության հավանականությունը: Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ուզբեկստանում ու Տաջիկստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու հավանականության մասին հարցին Քիրբին պատասխանել է.
«Կարծում եմ՝ վստահաբար կարելի է ասել, որ պետքարտուղարության մեր գործընկերների հետ բանակցություններ ենք վարում հարևան երկրների հետ: Փորձում ենք ուսումնասիրել, թե հետագա ի՛նչ հնարավորություններ կարող են այնտեղ լինել: Այդ երկրներին իրենց անունից խոսելու հնարավորություն կընձեռեմ: Սակայն, կարելի է վստահաբար ասել, որ այդ հնարավորությունների հետ կապված մենք մի շարք հարևան երկրների հետ բանակցություններ ենք վարում»: