Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին: Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ․ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: 1952 թ. արդեն նա միջազգային կարգի գրոսմայստեր էր, 1960 թ.՝ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:
Աշխարհի չեմպիոնի կոչումը Տիգրան Պետրոսյանը նվաճեց 1963 թ.՝ հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին: 1966 թ․ նա պահպանեց այդ կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։ Իր խաղաոճի շնորհիվ վաստակել է «Երկաթե Տիգրան» անունը:
Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում:
Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։