ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Ժնևում անցկացված AI for Good Summit-ի շրջանակում մասնակցել է «RegulatingAI|AI Policy & Governance» փոդքասթին՝ «Ինչպե՞ս կարող է փոքր երկիրը դառնալ արհեստական բանականության համաշխարհային հզոր կենտրոն» թեմայով։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Հարցազրույցի ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականն ու կիրառվող ռազմավարությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ անդրադառնալով երկրի՝ որպես ձևավորվող գլոբալ ԱԲ կենտրոնի զարգացման ուղուն, տաղանդի և մարդկային կապիտալի առանցքային դերին, NVIDIA-ի և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությանը, ԱԲ ենթակառուցվածքների, տվյալների կենտրոնների և էներգետիկ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև պատասխանատու ԱԲ կառավարման և պետական կառավարման ոլորտում բաց կոդով ԱԲ լուծումների կիրառմանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև փոքր երկրների համար ինքնիշխան ԱԲ կարողությունների ձևավորման հնարավորությունները, հայկական սփյուռքի դերը ոլորտի զարգացման գործում, ԱԲ գործարանների (AI Factories) ապագան, ինչպես նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ որպես արհեստական բանականության գլոբալ առաջընթացի և մրցունակ ԱԲ էկոհամակարգերի ձևավորման առանցքային նախապայման։