Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ հեռուստադիտողին Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին կտեղեկացնի 24-ժամյա ռեժիմով: Հեռուստաընկերությանը տրամադրվել է հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային սփռման հեռուստաալիք հեռարձակելու իրավունք: Նոր ալիքի ստեղծման համար հիմք են ծառայել միջազգային կազմակերպությունների հարցումները, որոնց համաձայն՝ Հանրայինի լրատվական թողարկումներն ամենավստահելին են և ամենադիտվողը:
Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Առաջին ալիքը չի կարող ավելի շատ քաղաքական և լրատվական բովանդակություն տալ, քան այս պահին է տալիս, և այդ նպատակով որոշեցինք ստեղծել առանձին լրատվական ալիք, որով արդեն մեր քաղաքացիները կարող են 24 ժամ հետևել լրատվական-քաղաքական բովանդակությանը:
Հանրայինի նոր հեռուստաալիքը եթերում կլինի կարմիր տարբերանշանով: Հայաստանում և Արցախում աշխատող լրագրողները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում Առաջին ալիքի թղթակիցները, կարևոր իրադարձությունները հեռուստադիտողին կփոխանցեն առավել օպերատիվ՝ շաբաթը 7 օր, 24 ժամ ռեժիմով:
Հովհաննես Մովսիսյան - Առաջինի լրատվական ալիքով մենք կկարողանանք ավելի շատ ուղիղ հեռարձակումներ ապահովել, ինչը չէր ստացվում հիմնական Առաջին ալիքի եթերում, քանի որ մենք ունեինք եթերային ժամի սահմանափակումներ:
Ժամը մեկ պարբերականությամբ նոր ալիքով կհեռարձակվի «Լուրերի» թողարկումը՝ արագ, բազմակողմանի և հավաստի տեղեկատվությամբ, որը կառնչվի աշխարհում կատարվող բոլոր կարևոր իրադարձություններին: Նոր հեռուսաալիքը կշարունակի արդեն իսկ ձևավորված ավանդույթները՝ հարթակ տրամադրելով քաղաքական և հանրային գործիչներին՝ եթերում բազմակարծություն ապահովելու համար:
Արտյոմ Կարապետյան, Առաջին ալիքի «Լուրերի» մեկնաբան - Ստեղծվելիք նոր հեռուստաալիքը կկարողանա մատուցել հանրությանը հավասարակշռված, համակողմանի ստուգված, օբյեկտիվ տեղեկատվություն, ինչի կարիքն այսօր սպառողն ունի՝ հաշվի առնելով այն քաոտիկ ինֆորմացիոն դաշտը, որի ականատեսն ենք մենք այսօր:
Նոր հեռուստաալիքում կլինեն ինչպես հեռուստադիտողին ծանոթ, այնպես էլ նոր դեմքեր: Առաջին ալիքի լրատվական թիմի նոր անդամների թվում են նաև Հանրային հեռուստաընկերության «Մեդիա ակադեմիայի» լրագրող և հաղորդավար ուսանողները:
Հովհաննես Մովսիսյան - Սա նաև մեզ հնարավորություն կտա սահուն սերնդափոխություն անել և ունենալ նոր թիմ, նոր լրագրողների և հաղորդավարների թիմ, որոնք իրենց ուրույն ձևով կպատմեն մեր երկրում կատարվող իրադարձությունների մասին:
Հանրային հեռուստաընկերության՝ հեռուստաընտանիք դառնալու ճանապարհին, 24-ժամյա լրատվություն ապահողով հեռուստաալիքն առաջինն է: Բացի լրատվական ալիքից, Հանրային հեռուստաընկերությունն առաջիկայում մտադիր է ստեղծել նաև մի քանի այլ ուղղվածությամբ հեռուստաալիքներ:
Հովհաննես Մովսիսյան - Ի վերջո, Հանրայինը պետք է դառնա մեծ հեռուստաընտանիք, և յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա գտնել ի՛ր նախընտրած Առաջին ալիքը:
Քաղաքական և տնտեսական զարգացումների, սոցիալական խնդիրների, մշակութային և սպորտային իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժներով՝ Հանրային հեռուստաընկերության կարմիր տարբերանշանով լրատվական հեռուստաալիքը շուրջօրյա հեռարձակումը կսկսի հունիսի 9-ից: