Նորքի տուն ինտերնատի բնակիչները նոր ընկեր ունեն: Հաաստանում ծնված Ռոբին ռոբոտը 3 ամիս կապրի տարեցների տանը: Միասին կզրուցեն, ինտելեկտուալ խաղեր կխաղան, կերգեն: Ռոբինը եկել է նրանց միայնությունը կիսելու: Առաջին հանդիպումը տպավորիչ է:
Լիլիթ Աբրահամյան, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության խորհրդատու - Ռոբոտը 12 շաբաթվա ընթացքում շփվելու է 20 ծերերի հետ: Յուրաքանչյուր մարդու հետ շփվելու է շաբաթական 2 անգամ՝ կես ժամով:
Խնամքի կենտրոններում ապրող տարեցների կյանքին նոր որակ հաղորդելու այս նախաձենությունը մեկնարկել է Նորքից: Շփումների արդյունքում Ռոբինը գնահատելու է մեծահասակների իմացական, ընկալունակության մակարդակը, հատուկ գործիքներով լավացնելու է նրանց հիշողությունը: Տարեցների համար սա կյանքին այլ աչքերով նայելու նոր ազդակ է, քանի որ կորոնավիրուսի պատճառով միմյանց հետ շփումը հասցրել էին նվազագույնի:
Կարեն Խաչիկյան, «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն - Ռոբին ապահովում է այդ շփումները, բայց շատ անվտանգ: Մարդկային շփում չէ, վարակը չի տարածվի: Ռոբոտն այնպիսի նյութերից է, որ կարելի է հեշտ ախտահանել ու օգտագործել տարբեր շփումներում:
Նորքի տուն-ինտերնատից հետո Ռոբինը դեռ մի քանի կանգառ էլ ունի: Սպասված հյուրը պատրաստ է 9 ամսվա շրջագայության: