Չնայած վերջին օրերին Քովիդի ցուցանիշները Հայաստանում նվազման միտում ունեն, այնուամենայնիվ երկրում համավարակ է, ինչը նշանակում է, որ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ներկայացող քաղաքացիները պարտավոր կլինեն կրել անհատական պաշտպանիչ միջոցներ: ԿԸՀ-ն արտահերթ նիստում քննարկել է քաղաքացիների նույնականացման կարգը սահմանող նախագիծը: Դիմակ կրելը պարտադիր կլինի ոչ միայն ընտրելու իրավունք ունեցողների, այլև հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձնաց և լրագրողների համար:
Տիգրան Մուկուչյան, ՀՀ ԿԸՀ նախագահ - Ընտրողի ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը ընտրողից պահանջում է հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:
Եթե ընտրողը հրաժարվում է հանել դիմակը, նույնականացում չի լինում, փաստաթուղթը տեխնիկական սարքի մեջ չի ներբեռնվում, հետևաբար՝ ճանապարհը դեպի քվեախցիկ տվյալ անձի համար փակվում է:
Տիգրան Մուկուչյան - Խոսքը վերաբերում է բացառապես այդ փուլին, երբ ուղղակիորեն անհրաժեշտ է հեռացնել դիմակը՝ հնարավորություն տալով մասնագետին իրականացնել նույնականացում, որից հետո դիմակը նորից կրում է անձը և ապա մնացյալ գործառույթներն է իրականացնում հանձնաժողովը:
Որոշումը հանձնաժողովը միաձայն ընդունեց: Միաժամանակ ԿԸՀ անդամներն էլեկտրոնային քվեարկության ծրարները հանձնեցին Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներին: Ծրարները նախատեսված են դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողների, արտերկրում զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների առցանց քվեարկությունը կազմակերպելու համար: