Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, փորձագետների կարծիքով, հնարավորություններ է ստեղծում առաջ մղելու հայկական շահերը մի քանի ուղղություններով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց, փոխհատուցում և հայ-թուրքական կարգավորում:
Մասնագետները կարծում են, որ ԱՄՆ հեղինակությունը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կանխատեսում է՝ Միացյալ Նահանգների ճանաչումից հետո շատ պետություններ կհետևեն Վաշինգտոնի օրինակին:
Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս - Մի քանի երկիր ուղղակի սպասում էին, որ ամերիկացիներն ավարտեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Բայդենի հայտարարությունից հետո Լատվիան առաջինն էր, որ արեց այդ քայլը՝ դառնալով 36-րդը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում:
Արմեն Ղասաբօղլյան, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս - Կարծում եմ՝ Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստեց նաև վերջերս ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը:
Մյուս՝ զուգահեռ ուղղությունը հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված հանցագործության դատապարտման հարցն իրավական դաշտ տեղափոխելը և դատական պրոցեսներով հատուցում պահանջելն էր, օրինակ, կյանքի ապահովագրության գումարների ստացումն ամերիկյան ընկերություններից: Կալիֆոռնիայում Եղեռնի զոհերի և վերապրողների ժառանգները դիմել էին դատարան՝ հատուցման պահանջով, բայց գործընթացը սառեցվել էր, քանի որ նախագահը չէր արտաբերել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
Ռուբեն Սաֆրաստյան - Հիմա սպասումներ կան մասնագետների կողմից, որ այդ դատական գործընթացները կարող են նորից շարունակվել:
Երրորդ՝ ցեղասպանության հարցի հետ սերտորեն կապակցված գործընթացը, որ տեսականորեն կարող է բխել Բայդենի ճանաչման ուղերձից, հայ-թուրքական կարգավորման նոր նախաձեռնությունն է: Ապրիլի 24-ի ուղերձում Բայդենն առաջարկում է կորուստների համար սգալով՝ նաև մեր հայացքն ուղղել դեպի ապագան՝ ձգտելով ամոքման ու հաշտեցման ամբողջ աշխարհում: Դրանից հետո պետքարտուղար Բլինքենն ու դեսպան Թրեյսին հասկացնում են, որ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտոնականացումն իրավական հետևանքներ չի ենթադրում:
Ռուբեն Սաֆրաստյան - Տեսականորեն դա միանգամայն հնարավոր է, բայց կոնկրետ ներկա իրադրությունում ես դրա իրականացման ճանապարհները չեմ տեսնում, ինչպես և չեմ տեսնում, որ ամերիկացիները կստանձնեն հերթական անգամ միջնորդական առաքելություն:
Մասնագետն իր տեսակետը հիմնավորում է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ վարած բացահայտ ագրեսիվ քաղաքականությամբ: Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հաշտեցման իրական ցանկություն չունի՝ չնայած Բայդենից հետո Էրդողանի արած այն հայտարարությանը, թե Անկարան ցանկանում է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:
Միջազգայնագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանը թեև նույնպես չի հավատում Էրդողանի անկեղծությանը, բայց, ամեն դեպքում, խորհուրդ է տալիս Երևանին խոսել Անկարայի հետ:
Վիգեն Չետերյան, միջազգայնագետ - Հնարավոր է Բայդենի արտահայտությունը՝ «ցեղասպանություն» բառ օգտագործելը, Հայաստանի դիվանագիտության համար նոր հնարավորություններ ստեղծի: Հայաստանի դիվանագիտությունն անպայման պետք է Անկարայի հետ խոսի: Ուրիշ տարբերակ չկա:
Չետերյանն ասում է՝ հայկական դիվանագիտական ճակատի խնդիրն է այնպես անել, որ մի կողմից Ամերիկան օգնի հայ-թուրքական երկխոսությանը, մյուս կողմից դա չվտանգի հայ-ռուսական հարաբերություններին:
Պե՞տք է արդյոք հայկական կողմը փորձի երկխոսել Թուրքիայի հետ, թե՞ ոչ՝ տեսակետները տարբեր են: Պաշտոնական Երևանը շեշտում է՝ կարևորում են ոչ թե խոսքերը, այլ գործերը: Դիվանագիտական ուղերձներից Թուրքիան պետք է անցնի հայատյաց քաղաքակաանությունից հրաժարվելու գործնական քայլերի: