Զոքանչի, ընկերոջ կամ հեռավոր ազգականի անունով տունը կամ մեքենան գրանցել և հայտարարագրում սեփական ունեցվածքը թաքցնել դժվար կլինի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերահսկողության նոր մեխանիզմներ է սկսում կիրառել: Մարդու փոխարեն պաշտոնյայի ունեցվածքը, եկամուտների չափը, դրանց աճը կամ նվազումը կհամադրի արհեստական բանականությունը: Համակարգի մեկ գործողությամբ պարզ կդառնա՝ տվյալ պաշտոնյայի ամենօրյա ծախսերն ու գրանցված եկամուտը համապատասխանո՞ւմ են:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Հանձնաժողովն արդեն օրենսդրական լիազորությամբ հնարավորություն ունի ստանալ նաև օպերատիվ մարմինների աջակցությունը:
Որևէ անհամապատասխանության կամ կասկածի դեպքում կարող են օրենքով սահմանված կարգով պաշտոնյային գաղտնալսել և հասկանալ՝ այն թանկարժեք մեքենան, որ վարում է, բայց գրանցված է ընկերոջ անունով, իսկապես ընկերո՞ջն է, թե՞ սեփական ունեցվածքը թաքցնելու հերթական ձևն է:
Հայկուհի Հարությունյան - Ցանկացած այ էս տեսակի դեպքում ընդամենը խնդրելու եմ ավելի համբերատար լինել, որովհետև սա ամբողջությամբ նոր դրված լիազորություն է, և դրա իրականացման պրակտիկ մեխանիզմները դեռևս թրծված չեն:
Օրինակ՝ եթե անձը ունի 200 հազար դրամ եկամուտ և ընդամենը մի քանի ամսում 1 մլն դրամը գերազանցող գնում է կատարում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա կիրառել վերահսկողության՝ իրեն լիազորված գործիքները: Հանձնաժողովն ակնկալում է իրականացնել տվյալների վերլուծություն՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններով:
Խոսքը վերաբերում է նաև Հայաստանից դուրս ձեռք բերված շարժական և անշարժ գույքին: