«Բոլորս պետք է կարողանանք նայել հայելուն, ինքներս մեզ, մեր երեսին և ասել՝ դու ի՞նչ ես արել, որ քո հայրենիքը հզոր լինի, որ հայրենիքը չկորցնի»,- իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: Նրա խոսքով, երբ կոլեգաներն այդ հարցին պատասխանեն, որ կկարողանան խոսել ու քննադատել: «Այլապես շատ հեշտ է գալ, կանգնել այստեղ ու ինչ մտքիդ գա՝ ասես»,- նշեց Ասլանյանը:
Պատգամավորը նաև ասաց, որ ինքն իր ձեռքից եկածն արել է երկրի համար՝ մասնակցել երեք պատերազմի: «Որևէ մեկն իրավունք ունի՞ ինձ դավաճան կոչելու, չէ՞ որ անկախ նրանից՝ ինչ իշխանություն է եղել այս երկրում, ես իմ ջանքերը գործադրել եմ, որ իմ երկիրն առաջ գնա»,- ասաց Ասլանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը պատերազմում չի պարտվել, այլ կնքվել է հրադադար ի վնաս մեզ:
Պատգամավորի խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը զինվում էր, բացահայտ հայտարարում, որ հետ է վերցնելու կորցրածը: «Ադրբեջանը պատրաստվում էր, Հայաստանը՝ թալանվում: Իհարկե, պետք է այդպես լիներ»,- ասաց նա:
Պատգամավորը հիշեց նաև 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում տիրող իրավիճակը: «2016 թ. ապրիլին ես Մարտունի 2-ում, Մարտունի 3-ում էի: 22 տարվա ընթացքում Մարտունի 2-ում երկրորդ պաշտպանականը նույնիսկ չէր փորվել: Մենք, մեր ջոկատն օրեր շարունակ խրամատներ էինք փորում և երկրորդ պաշտպանականն էինք պատրաստում բանակի համար»,- հիշեցրեց պատգամավորը: