ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի օրերին տնտեսական սահմանափակումների հետևանքներին:
«Լոքդաունը չէր կարող չունենալ տնտեսական հետևանքներ»,- ասաց Խաչատրյանը՝ մեջբերելով տարբեր վիճակագրական ցուցանիշներ: «Նման ճգնաժամերի ժամանակ կարևոր է թիրախավորել ու իդենտիֆիկացնել թիրախային խմբերը: Իսկ բիզնեսի մեջ դա նախ և առաջ փոքր ու միջին բիզնեսն է»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ փոքր ու միջին բիզնեսը, չունենալով բավարար հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, դժվար է կարողանում ճգնաժամերին դիմակայել: «Հարցումները ցույց են տվել, որ փոքր ու միջին բիզնեսի շուրջ 95 տոկոսն ունեցել է եկամտի կորուստ»,- ասաց նա՝ հավելելով, որ փոքր ու միջին բիզնեսն ապահովում է պետությունում մասնավոր զբաղվածության 2/3-ը, հետևաբար ունի կարևոր սոցիալական նշանակություն: