ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Ֆեյսբուքում իր գրառմանը, որում խմբակցությունը լքած պատգամավորին համեմատել էր վարչապետի ուսապարկի հետ: Պատգամավորի խոսքով` գրառումը վերաբերել է միայն մի պատգամավորի, որի հեռանալը նա համարում է քաղաքական դավաճանություն: Ալեքսանյանն ասել է, որ «Իմ քայլին» հայրենիքի դավաճանության համար մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել պետության ու բանակի թալանով, դղյակներ կառուցելով: Պատգամավորն անդրադարձել է նաև արցախյան հակամարտությունը փակուղի տանողներին:
«Երբ 2018 թ. իր վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում, ի՞նչ էր դրանից հետո տեղի ունենալու: Ի՞նչ պետք է դրանից հետո տեղի ունենար, եթե ոչ պատերազմ: Երբ որ 25 տարի շարունակ երկու հակամարտող պետություններից մեկը, ունենալով նավթադոլարներ, այո, նաև անձամբ խրված լինելով կոռուպցիայի մեջ, բայց միևնույն է՝ ունենալով անհամեմատ ավելի մեծ բյուջե, զինվել է, զինել է իր բանակը, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան, բնականաբար, այդ 25 տարիների արդյունքում գալու, հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի աստիճանի, որ բեկել 2.5 տարում մեզ, ցավոք, չի հաջողվել: Այո, մենք մեղավոր ենք գուցե նրանում, որ 2.5 տարում մեզ չի հաջողվել բեկել հարաբերակցությունը»,- ասել է Վահագն Ալեքսանյանը: