Փաշինյան-Պուտին հանդիպման նախօրեին ռուսական մամուլում Կրեմլի տարածած հայտարարությունն է` հանդիպման օրակարգի մասին: Հայաստանի վարչապետի այցը աշխատանքային է:
Կրեմլ - Նախատեսվում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:
Բացի դրանից՝ կքննարկվեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության զարգացման արդիական հարցերը, ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն հարցերն ու փոխգործակցության հեռանկարները:
Russia Today-ը հիշեցնում է. երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 26-ին: Ria Novosti-ն թեման քննարկել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի տնօրենի հետ:
Ստանիսլավ Պրիտչին («Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի տնօրեն) - Մոսկվայում բանակցությունների թեման կլինեն ռուս-հայկական տնտեսական գործակցության ակտիվացման նախագծերը, մեծ հաշվով կքննարկվեն երկկողմանի քաղաքական հարցերն ու գործակցությունը՝ նոր պայմաններում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, կքննարկվի Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման և Հայաստանի ընտրությունների թեման։