«Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվանից ազատում է Դեմիրճյան փողոցը: Նախաձեռնությունը հայտարարությամբ տեղեկացրել է, որ պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։
Մարզային այցեր իրականացնելու մտադրության մասին ընդդիմադիր, հիմնականում արտախորհդարանական ուժերից կազմված շարժումը հայտնել էր մարտի 28-ի հանրահավաքի ժամանակ։ Մարզային այցելություններից հետո շարժումը քաղաքացիներին հորդորել է վերադառնալ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ:
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը Բաղրամյան պողոտայում վրանային ակցիա էին սկսել դեռ փետրվարի 25-ին, որոշ ժամանակ անց այն տեղափոխել էր նաև Դեմիրճյան փողոց։
Շարժումը Բաղրամյան պողոտան բացեց մարտի 23-ին և որպես շարժման շտաբ պահեց միայն Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը։