Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտությունների կենտրոնի՝ Հայաստանում իրականացրած համընդհանուր հարցումները ցույց են տվել, որ երկրում սոցիալ-տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության, ինչպես նաև՝ իշխող կուսակցությանն ու կառավարությանն աջակցելու խիստ պահանջ կա:
Սա առաջին հարցումն է 2020-ին ղարաբաղյան հակամարտությունից ի վեր, որը գնահատում է Հայաստանի հանրային տրամադրությունները նոյեմբերի հրադադարից հետո:
«Ճգնաժամի ընթացքում ՀՀ քաղաքացիները վստահություն են հայտնել իրենց կառավարությանը կայունության ապահովման և երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության երաշխավորման հարցում: Իշխող կուսակցության հանդեպ հավանությունը բարձր է, սակայն այդ աջակցությունը պահպանելու համար կառավարությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել բարեփոխումների օրակարգում և այդ ջանքերն արդյունավետորեն փոխանցի քաղաքացիներին»,- նշում է ՄՀԻ-ի եվրասիական տարածաշրջանային տնօրեն Ստեֆան Նիքսը:
Հարցումների արդյունքում քաղաքացիների 97 տոկոսը կարծում է, որ նոյեմբերի հրադադարից հետո կառավարության հաջորդ քայլերը պետք է լինեն ներքին խնդիրների՝ տնտեսության, քաղաքական կայունության, սոցիալական հիմնահարցերի լուծման վրա ուշադրության կենտրոնացումը: Առաջնահերթությունների շարքում երկրորդ տեղում է արցախցիների վերաինտեգրումը: Հարցվածների 92 տոկոսը համակարծիք է, որ կառավարությունը պետք է կենտրոնանա ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող շրջաններ արցախցիների անվտանգ վերադարձը երաշխավորելու վրա: Հաջորդում են այլ խնդիրներ՝ քաղաքական անկայունությունը՝ 12 տոկոս, գործազրկությունը՝ 11 տոկոս, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 տոկոս: Սրանք այն երեք առանցքային հիմնախնդիրներն են, որոնց երկիրն այսօր առերեսվում է:
Անկախ բոլոր մտահոգություններից, քաղաքացիների 33 տոկոսը նշել է, որ կքվեարկի իշխող կուսակցության օգտին, եթե ընտրություններն անցկացվեն հաջորդ կիրակի:
ՀՀ քաղաքացիների 62 տոկոսն իրենց վստահությունը կհայտնեն արտահերթ ընտրությունների արդյունքներին, եթե գործող իշխանությունը կազմակերպի դրանք: