Այնքան կարևորեցինք այս նախագիծը, որ ստացվում է՝ երեք ընթերցումով ենք քննարկում: Նախարարն առաջարկեց ԱԺ-ին որոշում կայացնել նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմ վերադարձնելու մասին՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքին: Նա չբացառեց, որ կրկին փոփոխություններ կլինեն: Հայրապետյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկին՝ նախագիծը նորից քննարկել բուհերի ներկայացուցիչների հետ: «Պատրաստ ենք կրկին հանդիպել բուհական հաստատությունների ներկայացուցիչների հետ և թե գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ ու քննարկել նախագիծը: Մենք պատրաստակամ ենք, բայց կարևոր է արձանագրելը, որ կան սկզբունքային կետեր, որոնց շուրջ անգամ երկարատև քննարկումները, կարծում եմ, այնուամենայնիվ որևէ փոփոխության չեն բերելու»,- ասաց Հայրապետյանը: Այնուհանդերձ, պատգամավորը շեշտեց. «Բուհերի կառավարման խորհուրդների 5/4 պարիտետը չի փոփոխվելու, կառավարությունն այսպես է տեսնում բուհերի արդյունավետ կառավարման մեխանիզմը, հետևաբար դրա համար կրում է պատասխանատվություն»:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է բուհերի խորհուրդների կազմը ձևավորել 5/4 հարաբերակցությամբ. 4-ին բուհն է առաջարկում, 5-ին՝ լիազոր մարմինը: