Կենտրոն վարչական շրջանից հայտնում են՝ այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե, իբր, շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում՝ թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:
«Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին:
Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»,- ասված է վարչական շրջանի Ֆեյսբուքի գրառման մեջ: