ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով ՀՀ վարչապետի նախաձեռնած քաղաքական խորհրդակցություններին՝ ընդգծելով, որ քննարկումները շարունակվում են:
«Մենք այս պահին չենք պատրաստվում շտապել»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները:
«Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, և թիմի ներսում կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»,- ասել է Հակոբյանը:
Պատգամավորն անդրադարձել է գերիների խնդրին:
Ըստ նրա՝ այդ հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում է. «Չի կարելի ասել, թե այդ հարցը չլուծվեց, քանի որ գործընթացը դեռևս շարունակվում է»:
Պատգամավորն անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իբր Թուրքիայի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին:
«Այդ երիտասարդի պնդումների մեջ լրջություն չկա: Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասել է Հակոբյանը: