Բարձրագույն դատական խորհրդում 2020 թվականին կայացել է 84 նիստ, որից 37-ի ժամանակ խորհուրդը հանդես է եկել որպես դատարան:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Այս մեկ տարվա ընթացում ընդունվել է 242 որոշում, որից 17-ը՝ նորմատիվ, 189-ը` ընթացիկ, իսկ 18-ը` աշխատակարգային: Ընդհանուր առմամբ, կայացել է 34 քվեարկություն: 2020 թվականի ընթացքում խորհուրդն առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին և նշանակվել է 20 դատավոր: 12 դատավոր նշանակվել է թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանից մեկ այլ դատարան, 1 դատավոր էլ նշանակվել է դատարանի նախագահ»,- հայտնել է Վարդազարյանը:
Նրա խոսքով` 2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, և 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը:
«10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: Այս տարի 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է, 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,- նշել է Վարդազարյանը: