ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը համարում է հակասահմանադրական:
Աբովյանի խոսքով՝ համաձայն՝ Դոնթի բանաձևի՝ ԱԺ այդ մշտական հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
«Եվ մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ տիկին Զոհրաբյանին զրկեք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար: Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցով քննարկմանը:
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի, գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն:
Որոշման հիմնավորումների մեջ նշված է պատգամավորի «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարակման հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: