4 ժամ 30 րոպե: Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսն սկսվեց լրագրողների ուշադրությունը նախագահի կողմ հրավիրելով:
ՌԴ քաղաքացիների հետ ուղիղ կապ հաստատելուց ավելի արժեքավոր բան Պուտինի համար չկա: Առաջին հարցը միանգամից տարվա ամփոփում էր. այս ծանր տարում նախագահը որևէ լավ բան նկատե՞լ է:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Տարին եղանակի պես է՝ լավ ու վատ լինո՞ւմ է, ուղղակի եղանակ է, կան պլյուսներ և մինուսներ:
Ամբողջ աշխարհին պատուհասած կորոնավիրուսը Ռուսաստանի տնտեսությանը շատ չի վնասել՝ ասում է նախագահը. տնտեսությունը, բանկային համակարգը կայուն են: Տնտեսությունն այլևս չի հենվում նավթագազային համակարգի վրա: Համավարակին էլ առողջապահական համակարգը դեռ դիմադրում է, բայց, իհարկե, այս ծավալին պատրաստ չէին: Պատվաստումներն էլ արվում են ըստ մասնագետների ցուցումների՝ հաշվի առնելով նաև տարիքը:
Վլադիմիր Պուտին - Այն մասշտաբին, որին բախվեց մեր առողջապահական համակարգը, պարզվեց՝ պատրաստ չէ աշխարհի որևէ երկիր: Իհարկե, մեր համակարգն ավելի արդյունավետ էր: Պետական ապարատը ցույց տվեց, որ պատրաստ է արագ մոբիլիզացնել ռեսուրսները և արեց դա: Ռուսաստանը թեստավորման քանակով առաջին եռյակում է աշխարհում: ՌԴ-ն աշխարհի առաջին երկիրն է, որ սկսել է պատվաստանյութ արտադրել: Այն լավն է, անվտանգ՝ 95, 96-97 տոկոսով պաշտպանում է, կողմնակի ազդեցությունների որևէ կոնկրետ դեպք չկա: Առայժմ ես չեմ պատվաստվել, բայց անպայման դա կանեմ, երբ հնարավոր լինի:
Այս տարին, ծանր օրերը, համավարակն ու կյանքն ընդհանրապես նկարագրելու համար երգիչ, դերասան, հաղորդավար և Դմիտրի Պեսկովի բնորոշմամբ՝ սկսնակ լրագրող Սերգեյ Շնուրովը նախագահից խորհուրդ է հարցնում՝ ինչպե՞ս հասարակ ռուս մարդը խուսափի ոչ նորմատիվ բառապաշարից:
Վլադիմիր Պուտին - Ռուսերենը հարուստ լեզու է, որ հստակ արտահայտեք մտքերը՝ առանց ոչ նորմատիվ բառապաշար կիրառելու: Շնորհակալ եմ, որ այս անգամ չօգտագործեցիք այն, ինչպես երբեմն անում եք Ձեր լսարանի համար:
Շնուրովը մեկ հարց էլ ունի՝ ինչո՞ւ ռուս հաքերները չօգնեցին Թրամփին հաղթել և արդյո՞ք նրան Ռուսաստանն ապաստան կտա, եթե խնդրի: Վլադիմիր Պուտինն այս հարցը սադրանք համարեց. ռուս հաքերները չեն օգնել ԱՄՆ գործող նախագահին ընտրվել:
Նախագահին հարցնում են՝ համաշխարհային առաջնորդներից որի հետ է ավելի հեշտ բանակցել. Պուտինի պատասխանը հստակ է՝ լավ ու վատ չկա, կան ազգային շահեր:
Լրագրողներին հետաքրքրում է, արդյո՞ք Պուտինի առաջադրվելու հնարավորությունը 2024-ի նախագահի ընտրությանը կոպտագույն վերաբերմունք չէր սահմանադրության նկատմամբ և արժե՞ր արդյոք դրան դիմել:
Վլադիմիր Պուտին - Ես մի ունիվերսալ կանոն ունեմ: Այդ հարցին պատասխանելով՝ պետք է հասկանալ. որևէ քայլ երկրի բարեկեցությանը կնպաստի՞: Եթե այո՝ կգնամ դրան: Եթե ոչ՝ ոչ: Դեռ չեմ որոշել: Բայց արժի անել այն ամենը, ինչը վերաբերում է երկրի զարգացմանը:
Լրագրողներից մեկը կարծում է, որ ԱՊՀ-ն միջին տարիքի ճգնաժամ է ապրում, և Ռուսաստանը կարող է կորցնել դաշնակիցներից մեկին: Պուտինը նկատում է. օրինակ՝ Ղրղզստանում առաջին անգամ չէ այս խառնաշփոթը: Միշտ է այդպես եղել: Մայա Սանդուն էլ Մոլդովայի նախագահն է, բայց Ռումինիայի քաղաքացի է: Բելառուսի ժողովրդին պետք է թողնել ինքնուրույն լուծել ներքին խնդիրները:
Երկարատև ասուլիսի ընթացքում անդրադարձան նաև կրոնական թեմային: ՌԴ նախագահը հիշեցնում է, որ համաշխարհային կրոններում ագրեսիային հղում չկա:
Վլադիմիր Պուտին - Աստված է տվել կյանքը և միայն Աստված կարող է այն վերցնել:
Հերթը հասավ նույնիսկ անձնական հարցերին. ինչ վերաբերում է ընտանեկան երջանկության գաղտնիքին, ապա դա սերն է, բայց դա գաղտնիք չէ,- ասում է Վլադիմիր Պուտինը:
Իսկ տասը տարեկան Միխայիլին հետաքրքրում է՝ ինչու Ռուսաստանին չեն սիրում այլ երկրները. Պուտինը համաձայն չէ, սիրում են, մնացածը մեծերի հարաբերությունների արտացոլանքն է:
Վլադիմիր Պուտինն անդրադարձավ նույնիսկ մուլտֆիլմերին և նրանց ազդեցությանը մանկական հոգեբանության վրա: Դրանից հետո Կրեմլի ղեկավարի ասուլիսի օրակարգում ռուսական բանակի նկարագրությունն էր. ըստ նրա՝ այն ամենաարդյունավետներից մեկն է աշխարհում, ռուսական զենքերն էլ՝ ամենաժամանակակիցը. մյուս պետութունների ռազմական բյուջեն ավելի մեծ է, Ռուսաստանինն ավելի արդյունավետ: