Ավարտվել է ընդդիմադիր կուսակցությունների բողոքի երթը: Հիշեցնենք՝ այս անգամ երթը մեկնարկել է Հալաբյան փողոցից՝ Թումոյի այգուց: Արժանապատվության երթի մասնակիցները քայլել են Կիևյան, Օրբելու փողոցներով, այնուհետև շարժվել դեպի Բաղրամյան պողոտա և երթը ավարտել կրկին Ֆրանսիայի հրապարակում: Ընդիմադիր ուժերը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Փաշինյանն ապացուցել է, որ ի վիճակի չէ երաշխավորելու երկրի և ժողովրդի անվտանգությունը: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն էլ քաղաքացիներին տեղեկացրել է, որ երեկ գլխավոր դատախազին ուղղված նամակի պատասխանը արդեն ստացել է: Հիշեցնենք՝ նամակը վերաբերում էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործին: Հակոբյանն ասել էր, թե պատերազմի մեկնարկից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարարել է դադարեցնել բանակի համալրումը: