Խաղաղապահներն արդեն շոշափելի ուժերով մուտք են գործել Հադրութի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի հատված: Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել` նշել է վարչապետը Անվտանգության խորհրդի նիստում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ որոշ տեղեկություններով վերջին օրերի հարձակմանը մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ)- Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում, և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:
Փաշինյանը ներկայացրել է, որ խնդիր կա կապված Սանասար և Կովսական շրջանների հետ: Այդ շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին դրանք մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Նիկոլ Փաշինյան- Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:
Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողություններն այսօր շարունակել էին Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Օգտվելով առիթից, որ Հադրութի շրջանի` Արցախի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում տեղակայված չեն խաղաղապահ ուժեր՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան էլ Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել այդ 2 գյուղի ուղղությամբ: Շաբաթ օրը Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել նույն գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել էր մտնել Հին Թաղեր գյուղ և մոտենալ Խծաբերդին։ Երեկոյան իրավիճակն արդեն փոխված էր: Ըստ վարչապետի՝ վտանգի տակ հայտնված գյուղերում այս պահին ներկա են խաղաղապահներն ու հայկական զինուժը:
Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանն ընդգծել է նաև, որ երեկվանից ապատեղեկություններ են շրջանառվում մեդիա դաշտում, ինչն անհանգստացրել է նաև ընդդիմադիր գործիչներին:
Նիկոլ Փաշինյան- Այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ:
Կարևորագույն հարցերից մեկում՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացում, Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, առաջընթացի լուրջ հնարավորություն կա: