Ողջունելով Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները լավացնելուն միտված վիճահարույց գործարքը՝ Եվրամիությունը Թել Ավիվին հորդորել է հրաժարվել Հորդանանի Արևմտյան ափի պաղեստինյան հողերի բռնակցման ծրագրից: Թեմային է անդրադարձել Anadolu գործակալությունը:
«Ես ողջունում եմ Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների լավացումը՝ երկուստեք շահավետ ու կարևոր տարածաշրջանի կայունության համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ն հույս է հայտնել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները կարող են վերսկսվել:
Հիշեցնենք, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն հարաբերությունները լավացնելու նպատակով համաձայնագիր կնքելու պայմանավորվածություն են ձեռք բերել Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Պայմանավորվածության համաձայն,՝Իսրայելը սառեցնում է Հորդանանի Արևմտյան ափի պաղեստինյան հողերի բռնակցման ծրագիրը: