ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոստիկանության բարեփոխումների մասին օրինագիծը: Փաստաթղթի օգտին, որը կոչվում է Ջորջ Ֆլոյդի անվան արդար ոստիկանության մասին օրենք, ի պատիվ Մինեապոլիսում մահացած աֆրոամերիկացու, քվեարկել է պալատի 236 անդամ՝ մեծ մասը Դեմոկրատական կուսակցությունից, 181 կոնգրեսական դեմ է արտահայտվել:
Օրինագիծը ոստիկաններին արգելում է կալանքի ընթացքում օգտագործել խեղդող մեթոդները: Այն նախատեսում է նաև ստեղծել տվյալների բազա, որը կհետևի ոստիկանության այն ծառայողներին, որոնք ընդունել են ոչ պատշաճ պահվածք և փոփոխություններ են կատարել իրավապահ մարմինների մարտավարության մեջ:
Փաստաթուղթը նաև սահմանափակում է տուն մուտք գործելու թույլտվության տրամադրումը և խստացնում է պատիժն այն ոստիկանների նկատմամբ, որոնք կասկածյալների հանդեպ չհիմնավորված բռնություն են գործադրել:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կարծիքով՝ փաստաթուղթը «պայքարելու է համակարգային ռասիզմի դեմ և հիմնովին կփոխի ոստիկանության գործունեության մշակույթը»:
Այժմ նախագիծը պետք է հաստատի Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Դրանից հետո այն կհանձնեն նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրավունք ունի վետո դնել այդ փաստաթղթի վրա: