Թեհրանը պատրաստ է հնարավորության դեպքում բանտարկյալներ փոխանակել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Եթե բանտարկյալների փոխանակման հնարավորություն լինի, մենք պատրաստ ենք հայրենիք վերադարձնել ԱՄՆ-ում կալանավորված իրանցի քաղաքացիներին»,- ասել է Մուսավին, միաժամանակ նշել, որ «Վաշինգտոնի և Թեհրանի միջև դեռև գոյություն ունի անվստահության պատը»:
Խոսքը վերաբերում է հիմնականում իրանական-ամերիկյան քաղաքացիություն ունեցող տասնյակ մարդկանց, որոնք տարբեր պատճառներով գտնվում են ԱՄՆ-ի և Իրանի բանտերում կամ նախնական կալանքի վայրերում:
Հունիսի սկզբին Միացյալ Նահանգները ազատ արձակեց իրանցի գիտնական Սիրուս Ասգարին: Դրան հետևեց իրանական կողմի պատասխանը, և Թեհրանը թույլ տվեց ամերիկացի Մայքլ Ուայթին վերադառնալ հայրենիք: Միաժամանակ, Իրանի արտգործնախարարությունը չհաստատեց այն լուրերը, թե տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում: