COVID-19-ով վարակված, ապա՝ ապաքինվածները չեն զորակոչվի Միացյալ Նահանգների զինված ուժեր և ռազմական գործի համար ընդմիշտ կճանաչվեն ոչ պիտանի: Տեղեկությունն առաջին անգամ հրապարակվել է Military Times պարբերականում, որն ավելի ուշ հաստատել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Պենտագոնի աղբյուրները հայտնել են, որ երկրում ռազմական ծառայության անցնելուց առաջ բոլոր զորակոչիկները կթեստավորվեն՝ պարզելու նրանց մոտ վարակի առկայությունը:
ԱՄՆ զինուժը չի հրապարակում զինվորականների շրջանում վարակվածների ստույգ թիվը, սակայն երկրի գրեթե բոլոր նահանգների 150 ռազմաբազաներում գրանցվել է վարակման ավելի քան 6500 դեպք: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք վարակվածները կհեռացվե՞ն ծառայությունից: