Համաճարակի պայմաններում էլ ռազմական գործողությունները չեն դադարում Սիրիայում: Դամասկոսի ՀՕՊ ուժերը կասեցրել են քաղաքի գիշերային հրթիռակոծությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են լիբանանյան օդային տարածքից: Դամասկոսի ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ ոչնչացնել: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Մեկ շաբաթ առաջ էլ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել Հոմսի նահանգի Պալմիրա շրջանը:
Մարտի 12-ին Ռուսաստանը Սիրիայի դեմ հարձակումներից հետո Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում անվտանգությունը խարխլելու համար: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան անհանգստացած է Իսրայելի կողմից Սիրիայի դեմ միակողմանի հարձակումներից, ինչը խախտում է հարևան արաբական պետությունների, հատկապես Լիբանանի ինքնիշխանությունը: