Միացյալ Նահանգների հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը դիմում է ներկայացրել Ռուսաստանում կացության ժամկետը ևս երեք տարով երկարաձգելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ-ում Սնոուդենի շահերը պաշտպանող փաստաբանի հայտարարությանը:
Ըստ ստացված տեղեկությունների, Էդուարդ Սնոուդենի՝ ՌԴ-ում կացության ժամկետը լրանում է արդեն ապրիլին: Փաստաբանը նշել է, որ սպասում են միգրացիոն ծառայությունների պատասխանին:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սնոուդենը 2013-ի հունիսին Washington Post և Guardian պարբերականներին էր փոխանցել գաղտնի նյութեր, որոնք հաստատում էին ամերիկյան ու բրիտանական հատուկ ծառայությունների կողմից համացանցում միլիոնավոր օգտատերերի հետևելու ծրագրի գոյությունը: