New York Times-ն անդրադարձել է կորոնավիրուսից պաշտպանվելու պրոֆիլակտիկ միջոցներին, որոնք պահպանելու դեպքում մարդիկ կկարողանան նվազեցնել վարակվելու ռիսկը: Բժիշկները հորդորում են հետևել մի քանի կանոնների, որոնք իրականում այնքան էլ դժվար չէ կատարել, սակայն բարդ է այն առումով, որ մարդը հեշտ չի հրաժարվում իր սովորույթներից:
Առաջին հերթին, պետք է հրաժարվել ձեռքերով դեմքին դիպչելու սովորույթից: Բոլորս գիտենք, որ պետք չէ դիպչել դեմքին: Ինչպես հրաժարվել այդ վնասակար սովորույթից, որի առկայության մասին մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի: Ամեն օր մենք շատ առարկաների ենք դիպչում՝ դռան բռնակ, վերելակի կոճակ, մետրոյի բազրիք և այլն: Վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսը, կարող են նման մակերեսներին մնալ մի քանի օր: Դրանք կարող են մեր օրգանիզմ ներթափանցել քթի, բերանի, աչքերի և նույնիսկ մատների ծայրերի միջոցով:
Նոր կորոնավիրուսի բռնկումից հետո պարզ է դարձել, թե մենք որքան հաճախ ենք դիպչում մեր դեմքին:
«Շատ դժվար է հրաժարվել այդ սովորույթից, քանի որ մենք բոլորս դիպչում ենք մեր դեմքին, և հաճախ՝ առանց գիտակցելու ենք անում դա»,- ընդգծում է NYU Langone Health-ի բժշկության դոցենտ Վանեսսա Ռաաբեն:
Չորս խորհուրդ դեմքին դիպչելու սովորույթից հրաժարվելու համար:
Անձեռոցիկի առկայությունը պարտադիր է:
Եթե ցանկանում եք քորել դեմքը, մաքրել քիթը կամ ուղղել ակնոցը, ապա օգտագործեք թղթե անձեռոցիկներ: Փորձագետները նշում են, եթե ցանկանում եք փռշտալ, սակայն անձեռոցիկ չունեք, ապա փռշտալիս բերանը փակեք ոչ թե ձեռքերով, այլ՝ արմունկով:
Հասկացեք, թե ինչո՞ւ եք դիպչում դեմքին:
«Հասկացեք, թե ինչն է ձեզ սադրում դիպչել դեմքին»,- խորհուրդ է տալիս NYU Langone Health-ի բժշկության դոցենտ Վանեսսա Ռաաբեն:
«Հասկանալու համար դուք կարող եք դադարեցնել գործողությունը հենց այն պահին, երբ դիպչում եք դեմքին: Երբ դա հասկանաք, թե երբ և ինչու եք դա անում, ապա դա ավելի հեշտ կլինի անել: Եթե տրորում եք աչքերը չորության զգացողության պատճառով, ապա օգտագործեք աչքի կաթիլներ»,- ասում է բժիշկը:
Ինչ-որ բանով զբաղեցրեք ձեռքերը:
Բժիշկները պնդում են, որ եթե ձեռքերը զբաղված են հակասթրեսային գնդակով կամ այլ իրով, ապա դա կարող է նվազեցնել դեմքին դիպչելու թիվը: Իհարկե, չի կարելի մոռանալ առարկաները պարբերաբար ախտահանելու մասին: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել հոտավետ օճառ, որի հոտը դեմքին դիպչելիս կհուշի դրանից հրաժարվելու մասին:
Հանդարտություն:
Առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս հանդարտություն պահպանել, նվազեցնել կյանքում սթրեսային իրավիճակները: Սթրեսներն ազդում են մարդու իմունային համակարգի վրա: Որքան շատ է մարդը սթրեսի ենթարկվում, այնքան դժվար է օրգանիզմը պայքարում վարակների դեմ:
Քանի դեռ ձեր ձեռքերը մաքուր են, դեմքին դիպչելն աղետաբեր հետևանքներ չի ունենա: Բժիշկները նշում են՝ դա մարդկանց բնական վարքագիծն է, և դա աշխարհի վերջը չէ: