Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսեց նախորդ օրը քննարկած մի շարք օրինագծերի քվեարկությամբ: Ամբողջությամբ ընդունվեց պեռեգիստրը լրատվամիջոցների համար անվճար դարձնելու փաթեթը: Առաջին ընթերցմամբ հավանություն տրվեց նաև ատելության խոսքը քրեականացնելու օրինագծին: Պատգամավորները դեմ չէին նաև քրեական գործով անցնող տուժողներին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննությանը:
Քվեարկություններից հետո արդեն Խորհրդարանը քննարկեց ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Հարցով զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են դրա կիրառման ժամանակ առաջացող տարընթերցումների և ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի առաջարկած խորհրդատվություններով:
«Երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություն, որ ՀԿ-ների կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը ապահովվի հանրության համար: Բայց այսօր մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանվել է միայն այն դեպքում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ: Այսինքն՝ ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ: Նախագծով մենք հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանում ենք բոլոր ՀԿ-ների համար»,- ասել է ՊԵԿ նախագահը: