ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։
ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծել են փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշել են երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիմքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր է գնահատվել կողմերի միջև հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում:
Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորել են մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ նրանք տորագրել են մտադրությունների հուշագիր:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները և դիրքորոշումները: