Հայաստանում կայունանում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը, իսկ որոշ ցուցանիշների համաձայն` նաև նվազել է հիվանդացությունը: Նվազման միտում դիտվում է պոլիկլինիկական դիմելիության, շտապ օգնության կանչերում և հոսպիտալացումներում։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չնայած իրավիճակը կայունանում է, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը մինչև 18 տարեկան երեխաներն են:
Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ նշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
-
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա.
-
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
-
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը.
-
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
-
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար.
-
հագնվե´ք եղանակին համահունչ.
-
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
-
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
-
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
-
հետևե´ք անձնական հիգիենային: