Նյու Դելիում տեղի ունեցած անկարգությունների և բախումների հետևանքով, ըստ տեղական ԶԼՄ-ների, զոհվել է 13 հոգի, ևս 150-ը վիրավոր են: Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունները սկսվել են Քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների պատճառով: Ըստ NDTV հեռուստաալիքի՝ երեքշաբթի երեկոյան և գիշերը ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել մայրաքաղաքի հյուսիս-արևելքում, որտեղ իրավիճակը շարունակում է այս պահին էլ լարված լինել: Հաղորդվում է, որ ցուցարարների շրջանում քարերի, դյուրավառ հեղուկների, փայտե մահակների գործածումից հետո իրավապահները ստիպված են եղել ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ կիրառել: Նշվում է, որ այրվել են բազմաթիվ խանութներ, մեքենաներ, իսկ բենզալցակայանների հրդեհումը կարող էր իսկական ողբերգության վերածվել:
Մայրաքաղաքի տեղական իշխանությունները որոշում են ընդունել դպրոցները, ԲՈՒՀ-երն ու մանկապարտեզները ժամակավորապես փակելու մասին: Արգելվում է զանգվածային միջոցառումների և հանդիպումների անցկացումը: Քաղաքի հյուսիսարևելյան շրջաններում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել:
Հիշեցնենք, որ Նյու Դելիում հուզումները սկսվել են Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու պատճառով, որով նախատեսվում է պարզեցված կարգով և արագ քաղաքացիություն տրամադրել Հարավային Ասիայի մի քանի երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական այն քաղաքացիներին, որոնք իրենց հայրենիքում ոտնձգությունների են բախվել:
Կառավարությունը հայտարարել է, որ հիմնականում նկատի են առնվել հինդուիզմ, սիկխիզմ, ջաինիզմ, բուդդիզմ և քրիստոնեություն դավանող մարդկանց, ինչը մի կողմից՝ մահմեդականների զայրույթն է հարուցել, որոնք կարծում են, թե խախտվում է բոլորի համար հավասարություն ապահովող Սահմանադրությունը, մյուս կողմից՝ հինդու ծայրահեղական երիտասարդների, որոնք համոզված են, որ սեփական խնդիրներն էլ իրենց լիուլի բավարար են: