Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել երկրում քաղաքացիության մասին նոր վիճահարույց օրենքի դեմ: Ցույցերի ժամանակ անկարգություններ ու բախումներ են եղել ակտիվիստների ու իրավապահ մարմինների միջև, որի ժամանակ մահացել է յոթ մարդ, կա ավելի քան 150 վիրավոր, որոնցից 48-ը ոստիկաններ են: Բողոքի ակցիաներն անցկացվում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Հնդկաստան կատարած այցին զուգահեռ: Սպիտակ տան ղեկավարն ու Հնդկաստանի վարչապետն այսօր քննարկել են երկկողմ գործակցության առանցքային թեմաները, այդ թվում՝ պաշտպանությունը, անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները: Բացի այդ, Դոնալդ Թրամփն ու Նարենդրա Մոդին քննարկել են նաև համաշխարհային մի շարք խնդիրներ: