Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։
Սեպտեմբերի 17-19-ը օդի ջերմաստիճանը ոչ էական, մոտ 2-4 աստիճանով կնվազի։
Սեպտեմբերի 14-17-ը երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ը նաև կենտրոնական շրջաններում։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ սեպտեմբերի 14-18-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։