Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է:
Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը, հավելելով, որ այցի ընթացքում Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները, նշելով, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:
Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա:
Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը ուրիշ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու՝ թուրքական մոդելին բնորոշ օրինակ:
«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»:
Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: