Վաշինգթոնն ամրացնում է Ain al-Asad ռազմաբազան, որ գտնվում է Իրաքի Անբար նահանգում՝ Բաղդադից 180 կմ դեպի արևմուտք: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Al Hadath-ը՝ վկայակոչելով տեղական ռազմական աղբյուրներին:
Ըստ հեռուստաալիքի՝ «ամերիկյան մի քանի խոշոր զորամասերի տեղափոխումն Ain al-Asad ընթանում է ողջ ուժով: Ենթադրվում է, որ զինվորականներին է վստահվել նոր ամրությունների կառուցումը՝ բազան հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար»:
Նշվում է, որ ամերիկյան ռազմաբազան կհամալրվի ոչ միայն զինտեխնիկայով, զենք, զինամթերքով ու նոր զինվորներով, այլև ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներով: Միևնույն ժամանակ, աղբյուրները տեղեկություններ չունեն այն մասին, թե որտեղից են տեղափոխվում ամերիկյան ուժերն Ain al-Asad՝ Իրաքի ամերիկյան մյու՞ս բազաներից, մերձավորարևելյան երկրների՞ց, թե՞ ԱՄՆ-ից:
Հարցում հստակություն է մտցրել Sky News Arabia-ն, որը, վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի ալ-Ղանիիմին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը դուրս բերել Իրաքում տեղակայված 15 ռազմաբազաներից:
Պատգամավորի խոսքով՝ ամերիկացիներն իրենց ներկայությունն Իրաքում, հատկապես Խորհրդարանի ընդունած բանաձևից հետո, կսահմանափակեն երկու խոշոր բազաներում՝ երկրի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքի մերձակայքում և Ain al-Asad ավիաբազայում, որը Իրանի հաջ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հրթիռակոծվել էր Թեհրանի կողմից և ամբողջովին ավերվել: