ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել ավելի վաղ հրապարակած իրենց հայտարարության մեջ: ԵԽԽՎ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ, այսպես կոչված, փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար դիմելու Վենետիկի հանձնաժողովին»:
Համանախագահների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում էր հետևյալը.
«Ի թիվս այլ բաների, սա կփոխի Սահմանադրության վերանայման կարգն ինքնին: Բացի դրանից, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը նպատակ ունի դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների գործունեության ժամկետները։ Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, նաև հաշվի առնելով բարձրացված մի քանի հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքը ստանալու համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, նրանց թվում՝ հայ ընտրողների համար, եթե անհրաժեշտ լինի հանրաքվե անցկացնել»,- նշված է հայտարարության մեջ։