ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո մեդիա ոլորտի լրջագույն ձեռքբերումներին, մասնավորապես, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ և երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր և իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը:
Սակայն, մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաև վերոնշյալ զեկույցում: Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին, և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը»: