Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետի դիտարկմանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված.
«Սիրելի Հայրենակիցներ,
Որպես ԱՀ նախագահի թեկնածու, արձագանքում եմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և ներկայացնում իմ դիրքորոշումը, որը բազմիցս առիթ եմ ունեցել հնչեցնել տարբեր հարթակներում:
Նախ, որպես Արցախի անկախ քաղաքացի, գտնում եմ, որ Արցախի հարցը չի որոշում մեկ անձ, այլ որոշում է ամբողջ ժողովուրդը: Որպես նախկին զինվորական և ներկայիս քաղաքական գործիչ, մշտապես եղել եմ այն կարծիքին, որ պատերազմի արդյունքում ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքները պատկանում են Արցախի ժողովրդին: Այսպիսին է իմ կարծիքը՝ նաև որպես նախագահի թեկնածու, և ժողովրդի քվեն ստանալու արդյունքում պարզ կդառնա նաև ողջ հասարակության դիրքորոշումը:
Խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, սակայն, բանակցությունները պետք է տարվեն ոչ թե տարածքային փողզիջումների պայմանով, այլ Ադրբեջանի կողմից ԱՀ սահմանադրությամբ հռչակված ողջ տարածքի վրա, ԱՀ անկախությունը ճանաչելու միջոցով:
ԱՀ ներկայիս տարածքները արդյունքն են պատրերազմի, որը սկսել է Ադրբեջանը, և այդ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանի կողմից ցեղասպանված և բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և տեղափոխվել ՀՀ ու ԱՀ:
Մարդն ամենամեծ արժեքն է, և յուրաքանչյուր տեղահանված հայ իրավունք ունի արժանապատիվ ապրելու ներկայիս ԱՀ տարածքում:
Հարկադրված ռազմական ճանապարհով հարցի լուծման դեպքում մենք ստիպված ենք լինելու պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք և այնտեղ պարտադրել կապիտուլյացիա:
Արցախի խնդրի վերջնական կարգավորումը տեսնում եմ Մայր Հայաստանին միանալու մեջ, իսկ դրան հասնելը ունի երկու ճանապարհ, որոնք կախված են, տվյալ փուլում, ներկա աշխարհաքաղաքական վիճակից. դրանք են`
Արցախը Հայաստանին ներկա կարգավիճակով միավորում, կամ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, որից հետո հանրաքվեի միջոցով միացում Մայր Հայաստանին»: