Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հարցի շուրջ ներկայացրած դիտարկումներին:
«Ես և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ:
Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին: Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:
ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»,- գրել է նա: