Այսօր Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թ. նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև առաջիկա բարձրաստիճան փոխայցերին:
Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային առկա մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։