ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Իրաքում հատուկ ներկայացուցիչ Ժանին Հեննիս-Պլասշերտն այսօր պաշտոնական Բաղդադին կոչ արեց վերագործարկել բարեփոխումներին ուղղված ջանքերը և մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է քրդական Rudaw-ը:
«Վերջին ամիսներին հարյուր հազարավոր իրաքցիներ են դուրս եկել փողոց, հուսալով ավելի լավ ժամանակներ՝ զերծ կոռուպցիայից, նեղ կուսակցական շահերից և արտաքին միջամտությունից: Խաղաղ ցուցարարների սպանություններն ու վիրավորումները, որ զուգորդվում են երկար տարիներ չիրականացված խոստումներով, հանգեցրել են վստահության լուրջ ճգնաժամի»,- ասել է Պլասշերտը:
Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի նախկին վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրաժարականից երկու ամիս անց ժամանակն է խոսքը գործ դարձնել և խուսափել բողոքի հետագա ահագնացումից: Հատուկ ներկայացուցիչը նաև հորդորում է, որ իշխանություններն ամեն բան անեն՝ պաշտպանելու խաղաղ ցուցարարներին:
«Խաղաղ ցուցարարներին բռնությամբ ճնշելն անթույլատրելի է և պետք է խուսափել դրանից ամեն գնով: Չկա ավելի կործանարար բան, քան վախի մթնոլորտը: Պատասխանատվությունն ու արդարությունը կարևոր են վստահության, օրինականության և կայունության համար»,- ասել է Պլասշերտը՝ ցուցարարներին էլ կոչ անելով՝ խուսափել անկարգություններից, բռնությունից և գույքի ոչնչացումից: