Ազգային ժողովում քննարկվել է պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի և Սերգեյ Ատոմյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերն ունեն հայցային վաղեմություն կիրառության կարգավորումներ, որոնք հակասում են իրար, և փորձ է արվել այդ հակասությունները վերացնել և տալ հստակ կարգավորում: «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ նման միջնորդությամբ կողմը կարող է հանդես գալ միայն նախնական դատական նիստի ժամանակ, իսկ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է և թույլ է տալիս նման միջնորդությամբ հանդես գալ, մինչև դատարանը կհեռանա վճիռ կայացնելու, այսինքն՝ ամբողջ դատաքննության փուլում: Սա ենք բերում կարգավորման: Այն անձը, ով կարող է նման միջնորդությամբ հանդես գալ՝ դա էլ ենք փորձում կարգավորել»:
Առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխել այսպես: «Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- նշել է Դավթյանը: