Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգի մշակման հարցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ երեկ կառավարությունում այդ թեմայով քննարկում են ունեցել, և կրկին ընդգծել, որ սոցիալական աջակցության ներկայիս համակարգը չի խրախուսում աշխատանքը։
Վարչապետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի հետ կոնկրետացրել են հայեցակարգային մոտեցումները։ Նա շեշտել է, որ նոր հայեցակարգի համաձայն՝ սոցիալական աջակցություն պետք է ստանան անաշխատունակ մարդիկ, որոնք իրենց կարիքները չեն կարող ինքնուրույն հոգալ։ Իսկ աշխատունակ քաղաքացիների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը Հայաստանում շահագրգռված լինի աշխատել։
Փաշինյանը նշել է, որ համակարգը բարդ է, դեռ պետք է քննարկվի, և առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան: Վարչապետն ընդգծել է, որ պետք է նաև հանրային քննարկումներ սկսել: