ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը մինչև մարտի 2-ը, այսինքն՝ իսրայելական Կնեսետի ընտրությունների անցկացումը, կարող է հրապարակել պաղեստինա-իսրայելական կարգավորման՝ «Դարի գործարք» անունն ստացած նախագիծը:
«Դա ուղղակիորեն ընտրությունների հետ չի կապվում, որովհետև սրանք արդեն երրորդ ընտրություններն են: Այնպես, որ՝ տեսնենք: Նախագահը ձգտում է երկարատև և կայուն խաղաղության: Մենք չենք առաջնորդվելու իսրայելական կամ պաղեստինյան ներքաղաքական նկատառումներով»,- ասել է Օ'Բրայանը:
Հիշեցնենք, որ «Դարի գործարքի» հրապարակման մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում են ամերիկյան, իսրայելական և արաբական լրատվամիջոցներում: Լինում են նաև «արտահոսքեր», որոնք հաճախ հակասում են ոչ միայն իրար, այլև վարչակազմերի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին: