Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն շուրջ 2,5 միլիոն ռուբլի կծախսի՝ անցյալ դարի ԱՄՆ-ի «Մռնչացող քսանականների» ոճով ամանորյա միջոցառում կազմակերպելու համար: Այս փաստի վրա հանրության ուշադրությունն է հրավիրել Հակակոռուպցիոն հիմնադրամի փաստաբան Ալեքսանդր Գոլովաչը, ներկայացնելով կառավարության գնումների պորտալի տվյալները:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություն արդեն իսկ ամանորյա կորպորատիվ երեկույթ է անցկացրել դեկտեմբերի կեսերին, բայց տոնակատարությունը դրանով չի սահմանափակվել. այժմ մի խնջույք էլ Վոլգայի գեղատեսիլ ափին գտնվող «Завидово» կալվածքում են որոշել կազմակերպել:
Ընդ որում, նշվում է, որ ավելի քան երկու միլիոն ռուբլի բյուջեից հատկացվում է միայն թեմատիկ խնջույքի կազմակերպման համար, և տեղի վարձակալումն ու սնունդը վերոնշյալ գումարի մեջ չեն ներառվում:
««Փայլուն 20-ականներ» ամանորյա ծրագրի մտահղացումը պետք է պահի XX դարի ԱՄՆ-ի 20-ականների ոճը՝ ստեղծելով շողշողուն երեկույթի մթնոլորտը Սքոթ Ֆիցջերալդի հայտնի վեպի հերոսի՝ Ջեյ Գեթսբիի կալվածքում, որտեղ «շամպայնը գետի պես է հոսում, որտեղ լույսի ծով է ու զվարճանք»»,- այսպես է նկարագրված ՌԴ ԱԳՆ համապատասխան բաժնի կողմից նշված պետական գնումների նպատակը:
Նշվում է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու Cover-խմբեր, բազմաթիվ պարողներ, անիմատորներ և աճպարարներ: Տոնակատարությունը կսկսվի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ին և կշարունակվի մինչև հունվարի 1-ի առավոտյան չորսը՝ գրում է MBH Media կայքը:
«Չնայած Միացյալ Նահանգների հետ ունեցած բոլոր տարաձայնություններին՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները նախընտրում են Նոր տարին նշել ամերիկյան շիկով, իսկ մտացածին հերոսը՝ Մեծ Գեթսբին, այնքան նման է իրական ռուս պաշտոնյաներին»,- գրել է Հակակոռուպցիոն հիմնադրամի փաստաբան Ալեքսանդր Գոլովաչը:
Հիշեցնենք, որ «Մռնչացող 20-ականների» ոգին իր ժամանակակիցների կողմից ընկալվում էր՝ որպես արմատական մոդեռնիցազիա և հրաժարում ավանդական արժեքներից: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ամեն ինչ հեշտ էր թվում, սպառումը մեծանում էր, զարգանում էր, այսպես կոչված, զվարճանքի արդյունաբերությունը: Կյանքը, կարծես, ջազ էր՝ իմպրովիզ, հենց այդ պահին մտքովդ անցնող ցանկացած բանի իրագործում:
Բայց «Խելագար 20-ականներին», ինչպես դրան անվանում էին Ֆրանսիայում և Կանադայում, հաջորդեց «Մեծ դեպրեսիան» և համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը միլիոնավոր մարդկանց աղքատության ու հուսահատության գիրկը նետեց: