Վրաստանում ընդդիմությունը հաշվարկել է Թբիլիսիի քաղաքապետարանի ամանորյա ծախսերը և քաղաքապետին մեղադրել ավելորդ շռայլության մեջ:
«Միացյալ ազգային շարժում» խմբակցության՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի (Քաղաքային խորհրդի), անդամները միանգամից 2 բողոք-դիմում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, որոնցից մեկը վերաբերում է հենց ամանորյա ծախսերին, մյուսը՝ Վաքե թաղամասի համար նստարաններ գնելու մրցութային փաստաթղթերին:
Սակրեբուլոյի ընդդիմադիր անդամները նախ՝ հայտարարել են, որ Առաջին Հանրապետության հրապարակում տեղադրված ամանորյա տոնածառը բնավ չի համապատասխանում դրա դիմաց վճարված գումարին, որ կազմում է 1 միլիոն լարի, ապա հավելել են, որ այդ ծառի գինը 200,000 լարի էլ չի կազմում:
Ինչ վերաբերում է Վաքեի շրջանում գտնվող Ճավճավաձեի պողոտայում նստարաններ տեղադրելու՝ Սակրեբուլոյի որոշմանը, «Միացյալ ազգային շարժումը» գտնում է, որ փաստաթղթերը հատուկ պատրաստվել են իտալական մի ընկերության համար:
«Մեկ նստարանի համար Կալաձեն կվճարի 12 հազար լարի (գրեթե 4,2 հազար դոլար), և այդ մրցույթն ուղղակիորեն հարմարեցված է իտալական ընկերությանը, քանի որ մրցութային փաստաթղթերում, որպես օրինակելի նմուշ, պատկերված են հենց իտալական ընկերության կայքէջում տեղադրված լուսանկարներ, որոնք պատրաստելու իրավունք միայն իրենք ունեն»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Այսպիսով, ի նշան բողոքի, ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել Սակրեբուլոյի ուրբաթօրյա հավաքին, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն զեկուցում էր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Ինչ վերաբերում է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշին՝ գլխավոր հրապարակի տոնածառին, այն շարունակում է բուռն քննարկումների առիթ լինել նաև սոցիալական ցանցերում: Սոցցանցերի վրաց օգտատերերի էջերը լի են տարբեր զավեշտական գրառումներով և մեմերով: Հատկապես կատակի առիթ է դարձել տոնածառի ձեռքբերման նպատակով՝ քաղաքապետի իտալական այցը:
«Կսպասեր գոնե հունվարի երկրորդ կեսին զեղչեր լինեին իտալական խանութներում՝ նոր մեկներ. Թբիլիսիին՝ չկա-չկա, գոնե ընտանիքին մի օգուտ կլիներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներից մեկը: