Դեկտեմբերի 9-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազայի ուղղությամբ անհայտ ուժերը հրթիռ են արձակել, և առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:
Իսրայելական աղբյուրների ներկայացմամբ՝ ռազմաբազայում վիրավորվել է առնվազն 6 զինծառայող, որոնք բոլորն էլ Իրաքի էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողներ են եղել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում գտնվող ռազմաբազայում տեղակայված են թե՛ իրաքյան, թե՛ ամերիկյան զորքեր: Այստեղ են տեղավորված նաև Իրաքում գործող արևմտյան կոալիցիայի հրամանատարական կառույցները: Հավելենք նաև, որ այս պահին Բաղդադից բազմաթիվ թռիչքներ կամ չեղարկվել են, կամ՝ փոխադրվել երկրի հյուսիսում գտնվող այլ օդանավակայաններ: