ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդին ՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան: Նա նշել է. «ԱՄՆ-ի ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանի հարևաններին: Խաղաղության հասնելու համար մեզ անհրաժեշտ է հավաքական համագործակցություն»: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների տարածաշրջանի բոլոր տերությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ: Սեպտեմբերի 23-ին էլ Ռոհանին կոչ էր արել Պարսից ծոցի բոլոր երկրներին աջակցել տարածաշրջանում բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու Իրանի նախաձեռնությանը: Իսկ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նա ներկայացրել էր «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը, որը նախատեսում է «կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի սկզբունքների և խնդիրների հիման վրա երկխոսության պայմանով: Կողմերը պետք է հարգեն այլ երկրների ինքնիշխանությունը, ճանաչեն միջազգային իրավունքը, հրաժարվեն ագրեսիայից և մյուս պետությունների ներքին գործերին միջամտելուց»: Կատարի նախկին վարչապետն էլ կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին չանտեսել Թեհրանի երկխոսության պատրաստակամությունը, որովհետև Իրանի հետ բանակցությունների մեկ այլ հնարավորություն կարող է չլինել: